Որոշ նշաններ կան, որ այս տարի Իսրայելը նորից պատերազմելու է: Այս անգամ ոչ ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում, այլ՝ «Հըզբոլլահի» դեմ Լիբանանում: Եվ այդ պատերազմը չի լինի միայն սիրիական քաղաքացիական պատերազմի շարունակությունը, որին մասնակցում է «Հըզբոլլահը»: Կարևոր գործոն է Իսրայելի հաշվարկը, որ պատերազմը ԱՄՆ-ի Կոնգրեսին կմղի մերժել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը: Քննադատները կարծում են, որ գործարքը կուժեղացնի Իրանին և լրացուցիչ հնարավորություններ կտա տարածաշրջանում, ներառյալ՝ «Հըզբոլահին» օժանդակելու ռեսուրսները: Թեպետ իսրայելյան AIPAC լոբբին, վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի իր դաշնակիցները ամբողջ ուժով ջանում էին գործարքը բեկանել, նրանք կարող են պարտվել: Բանակցությունները շարունակվում են: Եթե հավատանք բազում հարցումներին, ամերկացիների մեծամասնությունն աջակցում է Բարաք Օբամայի դիվանագիտական ջանքերին Իրանի հարցում: Եթե Իրանի հարցով Կոնգրեսի քվեարկությունը կատարվեր այսօր, Օբաման կհաղթեր: Նա նույնիսկ հարկ չէր ունենա կիրառել նախագահական վետոն՝ հաղթահարելու համար հանրապետականների ու դեմոկրատների շարքերում Նեթանյահուի կողմնակիցների դիմադրությունը՝ Կոնգրեսի աջակցությունը ստանալու համար: Գործարքի հակառակորդների փաստարկները, որ համաձայնագիրը նշանակում է կապիտուլյացիա Իրանի առաջ, որ Թեհրանի պես վարչակարգի հետ չի կարելի որևէ համաձայնագիր կնքել, հասարակության մեջ ըմբռնում չեն գտնում և ի զորու չեն խափանելու նախատեսվող համաձայնությունը: Այդ դեպքում, եթե դուք դեմ եք գործարքին, պետք է ոչ թե նոր փաստարկներ փնտրեք, այլ ջանաք ամբողջությամբ փոխել խաղը: Դուք կփորձեք կազմակերպել ինչ-որ իրադարձություն, որն ամբողջությամբ Կոնգրեսին կհեղափոխի AIPAC-ի, Նեթանյահուի, Սաուդյան Արաբիայի և համաձայնագրի այլ հակառակորդների կողմը:
Իսրայելի ու «Հըզբոլահի» միջև ռազմական բախումը այս ամառ կարող է այդ հարցը լուծել: Փաստարկը, որ գործարքը և 50 միլիարդ դոլարը, որ Իրանը կստանա, կուժեղացնեն Թեհրանին և նրա դաշնակիցներին տարածաշրջանում, շատ ավելի ծանրակշիռ կդառնա, եթե Իսրայելն այդ ժամանակ պատերազմի խմբավորման դեմ, որ հրթիռակոծում է իսրայելական քաղաքները: Նման սցենարը միանգամայն ի զորու է Նեթանյահուի կողմնակից դարձնել շատ դեմոկրատների: Դա կարող էր դատարկ սպեկուլյացիա լինել, եթե չլինեին Իսրայելում հնչող դատողությունները սպասվող պատերազմի մասին: Մայիսի 12-ին The New York Times-ը հաղորդեց, որ Իսրայելը պատրաստվում է «գործնականում անխուսափելի նոր բախման «Հըզբոլլահի» հետ»: Իսրայելի ներկայացուցիչը թերթին հաղորդել էր, որ «Հըզբոլլահին» ուժեղ հարված է հասցվելու: Իսրայելը կարծում է, որ «Հըզբոլլահը» ակտիվորեն մեծացնում է ռազմական ներուժը, իսրայելցիները փորձում են այդ գործընթացի վրա բևեռել համաշխարհային հանրության ուշադրությունը, եթե նոր կոնֆլիկտ ծագի: Իսրայելի տվյալներով՝ «Հըզբոլլահը» այսօր ի զորու է օրական 1200 հրթիռային հարված հասցնել իրեն: Արդեն մի քանի ամիս Թել Ավիվը խոսում է այդ մասին: Փետրվարին Իսրայել մեկնեցին ԱՄՆ-ի 28 կոնգրեսմեններ: Նրանք նամակ գրեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և պահանջեցին զինաթափել «Հըզբոլլահը»: Նամակում կոնգրեսմենները մեղադրում էին ՄԱԿ-ին՝ չկատարելու մեջ իր ընդունած բանաձևերը, որոնցով պահանջվում է զինաթափել բոլոր լիբանանյան և ոչլիբանանյան ռազմական կազմավորումները: ««Հեզբոլահը» հրեշավոր բռնություն է սադրում տարածաշրջանում և դա ուղղակի հետևանք է ՄԱԿ-ի ԱԽ № 1559 և 1701 բանաձևերի չկատարման»,- գրում էին կոնգրեսականները: «Հըզբոլլահին» կանխարգելիչ հարվածի անհրաժեշտության մասին վերջերս խոսեց Դորի Գոլդը, ում Բենյամին Նեթանյահուն նշանակել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն: Մեղադրելով ՄԱԿ-ին «Հըզբոլլահին» կասեցնելու անկարողության մեջ՝ Գոլդն ասել է՝ «Կամ Իսրայելը կոչնչացնի Լիբանանի հարավում պահպանվող զենքը, կամ «Հըզբոլլահը» հազար հրթիռ կարձակի Իսրայելի վրա: Դուք ի՞նչ կանեիք»:
«Հըզբոլլահը» հիմա իր բոլոր ռեսուրսները ուղղել է սիրիական կոնֆլիկտին և հազիվ թե իրեն թույլ տա միաժամանակ պատերազմել Իսրայելի հետ: Այնուամենայնիվ, եթե Իսրայելը հարվածի Լիբանանին, հազիվ թե «Հըզբոլլահը» չպատասխանի մարտահրավերին՝ չնայած Սիրիայի իրավիճակին և հնարավոր կոնֆլիկտի հետևանքներին Իրանի հետ բանակցային գործընթացի վրա: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի ռազմական խորհրդատու, գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին մայիսի 21-ին զգուշացրեց, որ Լիբանանի վրա իսրայելական հարվածը հարուցելու է պատասխան հրթիռների կարկուտ: Նրա խոսքով՝ Իրանը և իր բարեկամները, ներառյալ «Հըզբոլլահը», ի վիճակի են ոչնչացնել Թել Ավիվն ու Հայֆան: Եթե Իսրայելն ու «Հըզբոլլահը» սկսեն պատերազմել, պատճառը միայն Իրանի հարցով համաձայնագիրը չի լինի: Բայց Իսրայելի ղեկավարները որոշում ընդունելիս միանշանակ հաշվի են առնելու կոնֆլիկտի օգնությամբ Թեհրանի հետ համաձայնության կնքման վրա ներգործելու հնարավորությունը: Այդ գործարքը մեկ և ընդմիշտ հուղարկավորելու գայթակղությունը կարող է կարևոր գործոն դառնալ իսրայելցի քաղաքական գործիչների համար: Նոր պատերազմը «Հըզբոլլահի» հետ կդառնա ոչ առաջին կոնֆլիկտը, որ ծագում է Իրանի հետ պատերազմի անխուսափելիության համոզվածությունից: Լիբանանյան երկրորդ պատերազմի ընթացքում՝ 2006-ին, Իսրայելի պաշտպանության փոխնախարար Էֆրաիմ Սնեն ասաց, որ կատարվող բոլոր իրադարձությունները կապված են Իրանի հետ: «Պատերազմն Իրանի հետ անխուսափելի է: Լիբանանը միայն նախերգն է առաջիկա մեծ պատերազմի», ասաց նա այն ժամանակ, և՝ սխալվեց: Իրանի հետ պատերազմ չսկսվեց: Բայց պատերազմը «Հըզբոլլահի» դեմ այս ամռանը կարող է երաշխիքներ տալ Իսրայելին, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջև խաղաղություն չի հաստատվի:
Տիտրա Պարսի, Պոլ Պիլար,"Huffington Post", ԱՄՆ
Հ.Գ.
Իսկ վեցնյակի և Իրանի բանակցությունները շարունակվում են, միայն կարող են քաղաքից քաղաք տեղափոխվել և երկու շաբաթից ավարտվել՝ հակառակ պատերազմի ու խաղաղության փորձություններին: Նախնական տվյալներով՝ հունիսի վերջին համաձայնագիրը պատրաստ պիտի լինի ստորագրման, բայց ժամկետները կարող են փոփոխվել: Ժամանակն աշխատում է այն տարբերակի օգտին, որ նոր պատերազմ չի սկսվի, չափազանց շատ են կողմ ու դեմ փաստարկները, կա ամենազորեղ փաստարկը՝ պատերազմը հնարավոր է հեշտությամբ սկսել, բայց ավարտն այդքան հեշտ չէ: Չի բացառվում տարածաշրջանում ընդհանրապես անկառավարելի իրավիճակի ստեղծումը և արտաքին միջամտությունը, որից Նեթանյահուն ավելի պիտի զգուշանա, քան Իրանից ու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ